Օրեր առաջ անդրադարձել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռքբերված նոր՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենային։ Ավտոմեքենայի վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել նաև կառավարություն։ Ի պատասխան այստեղից տեղեկացնում են, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումն ու նրանց սպասարկող տրանսպորտային միջոցների ընտրությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը։ 

Կառավարությունից օրենքից մեջբերումներով կատարելով՝ հայտնում են նաև, որ վարչապետի ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ։ «Անվտանգության ապահովման նպատակով ՊՊԾ գործառույթների համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը ձեռք է բերվում հույժ գաղտնի՝ այդ թվում տրանսպորտային միջոցները։ ՊՊԾ-ի կողմից նախապես ուսումնասիրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման միջոցառումների համար անհրաժեշտ գործիքակազմին ներկայացվող որակական և տեխնիկական պահանջները, նախքան դրանք ձեռք բերելն արտադրողին կամ վաճառողին ներկայացվում են ՊՊԾ-ի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ամենախիստ պահանջները»,- ասվում է կառավարության պատասխանի մեջ։

Նշենք, որ չնայած համացանցում ու լրատվամիջոցներում վարչապետի զրահապատ ավտոմեքենայի արժեքի վերաբերյալ գումարի տարբեր չափեր էին նշվում, սակայն մենք Mercedes-Benz-ի հայաստանյան մասնաճյուղից պարզել էինք, որ Mercedes S 600 W222 մոդելի արժեքը սկսում է 220 000 եվրոյից, իսկ ամբողջապես զրահապատապված (FULL) ավտոմեքենան 700 000-800 000 եվրո է՝ կախված դրա հագեցվածությունից։ Ի դեպ, խոսքը 2018թ․ արտադրության մոդելի մասին է, այնինչ  բնական է, որ 2019թ․ արտադրության ավտոմեքենայի արժեքը կգերազանցի նշված արժեքը։