Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը պարզաբանում է ներկայացրել «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ. «Արմենպրես»-ը ներկայացնում է Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը.

«Հարգելի գործընկերներ, «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արդիականացնելու նպատակով դեռևս 2019 թվականի հուլիսից իրականացրել է մասնագիտական ուսումնասիրություն քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերում, որի արդյունքում պարզ է դարձել որ, ստացիոնար/հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական օգնությունը հնարավոր չէ պատշաճ իրականացնել վերը նշված հաստատությունում, իսկ արտահիվանդանոցային բժշկական օգնությունը կրում է գրեթե դուպլիկատիվ բնույթ, քանի որ Երևանի թվով 9 պոլիկլինիկաներում հակատուբերկուլոզային սենյակների միջոցով իրականացվում է համապատասխան արտահիվանդանոցային բժշկական օգնությունը: Համանման խորհրդատվական կարծիք ներկայացրել են նաև առողջապահական միջազգային կառույցները' իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
«Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից բարձրաձայնվել է, որ դեռևս 2016 թվականից իրենք առաջարկել են նախարարությանը և քաղաքապետարանին փակել հիվանդանոցային/ստացիոնար բուժօգնության ծառայությունը, սակայն Երևան քաղաքի հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացնել իրենց մոտ և ստանալ առավել մեծ ֆինանսավորում:

Ըստ իս' արտահիվանդանոցային ծառայության կենտրոնացումը հետադիմական մոտեցում է առողջապահության զարգացման համատեքստում: Նման մոտեցումն իրականացնելու պարագայում հարց կառաջանա կենտրոնացնելու գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ու ապատեղակայումը պոլիկլինիկաներից, որը հակասում է արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքներին և չափանիշներին:

2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպության պայմանագրային գումարների և ֆինանսավորման որևէ փոփոխություն չի իրականացվել: Պայմանագրային գումարը կազմում է 143,5 մլն դրամ, որը հատկացվում է պետական բյուջեից' մեր քաղաքացիների կողմից վճարված հարկերից:

Միաժամանակ կցում եմ իմ կողմից ներկայացված զեկուցագիրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին»: