Վերջին մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել Ընդերքի մասին օրենքում, որը թույլ կտար ամբողջությամբ բացահայտել Հայաստանում մետաղական հանքերի սեփականատերերին։ Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում է, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։

Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Ինչու հանկարծ «Իմ Քայլ»-ը հետ կանգնեց իր իսկ տված խոստումից, չէ՞ որ Հայաստանում գործող հանքերի բոլոր սեփականատերերի բացահայտումը բխում է հենց իշխանությունների շահերից, որոնք առիթը բաց չեն թողնում խոսել կոռուպցիայի դեմ պայքարից և այդ պայքարում գրանցած հաջողություններից: Այսօր հանքերի խնդիրը ավելի քան ակտուալ է, հաշվի առնելով Կապանում ստեղծված իրավիճակը, որը այս կառավարությունը գուցե նույնպես հաշվի իբրև ՝ կառավարվող ռիսկ, սակայն քաղաքացիները իրավունք ունեն իմանալ , թե ով է աղտոտում այն միջավայրը որում իրենք ապրում են: Եվ դա խնդրի միայն մի կողմն է: «Իմ Քայլ»-ի հետ քայլը մտածելու տեղիք է տալիս, իսկ չե՞ն եղել արդյոք ստվերային համաձայնություններ այդ նույն սեփականատերերի հետ, չե՞ն համաձայնվել արդյոք վերջիններս նման կարգավորման, փոխարենը չստվերում մնալու դիմաց՝ մուծվելով կլորիկ գումարներ, այսինքն անելով այն, ինչ անում էին նախկինում…