ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության համար երկու հիմնական առաջարկ ունի: Նա մասնավորապես առաջարկում է կամ օրենքում, կամ կուսակցությունների կանոնադրությունում ղեկավար կազմի ձևավորման համար ամրագրել սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը: Նազարյանն իր առաջարկները ներկայացրեց հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Առաջարկում եմ, որ կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը: Եվ դա կարող է լինել երկու տարբերակով՝ կամ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում կամ կոլեգիալ խորհրդում լինի սեռերի ներկայացվածություն՝ առնվազն 3 տոկոս, կամ օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքն ամրագրվի կուսակցությունների կանոնադրության և ծրագրի մեջ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ կուսակցություններ ինքնակամ են որդեգրում այդ սկզբունքը՝ դա ամրագրելով իրենց կանոնադրություններում»,-ասաց Նազարյանը:

Նա ներկայացրեց պատճառներ, թե ինչու է այսօր սեռերի ներկայացվածության սկզբունքի ամրագրումը հրամայական: Նազարյանի կարծիքով՝ կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը: ԱԺ փոխնախագահը նկատեց՝ կանայք և տղամարդիկ տարբեր հարցերի շուրջ երբեմն ունեն հակասական շահեր, և նրանց ներկայացվածությունը կարող է հանգեցնել հավասարակշռված ու ընդունելի որոշման:

Անդրադառնալով երկրորդ առաջարկին՝ ԱԺ փոխնախագահը նշեց՝ գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունն իր կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձևավորելու կուսակցության ղեկավար կազմը և ինչ կարգով են ձևավորելու ընտրական ցուցակները: Նա նկատեց, որ օրենքով կա կամայական գործելու հնարավորություն: «Հաճախ կուսակցության առաջնորդը միաձայն է որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, կազմը կարող է տարիներով չփոխել, կուսակցության ղեկավար կազմն է որոշում ընտրական ցուցակը: Կարծում եմ, որ կուսակցություններն այդպես են կոռումպացվում, վերածվում բիզնես կազմակերպությունների: Առաջարկում եմ կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության և ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը ամրագրել կամ Կուսակցությունների մասին օրենքով կամ օրենքով պարտադրել, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձևավորումը ՝ժողովրդավար սկզբունքներին համապատասխան»,-ասաց Նազարյանն ու հավելեց՝ իսկ դա ներքին ընտրությունն է՝ փակ քվեարկության:

Նա շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուտակությունն իր ղեկավար կազմը միշտ ընտրել է պատվիրակների միջոցով փակ քվեարկությամբ: