Հ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաև Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

- Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:

- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ և, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ' այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է:

Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա' «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» և «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով' Սահմանադրական դատարանի դատավորը և նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետևաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

- Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում ևս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն' ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետևանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

- Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

- Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում' ոչ թե ձևական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը ևս բողոքարկման ենթակա է:

- Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

- Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք' Հրայր Թովմասյանն է, հետևապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում' չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ և քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, և, միաժամանակ, թեև ձևականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ' դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

- Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

- Միանշանակ: Կոնվենցիայի ուժով' նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

- Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել' ապա նման պայմաններում առաջին ատյանի որևէ դատարանի դատավոր կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

- Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ և մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է բախտը չբերել ու գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձևակերպել, վնգստում է պատերի տակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: