Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Լրագրողների համար գրիպի թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա զուտ մարդասիրական քայլ է:

«Այս տարվա սկզբից սկսած 2-3 տարվա մեջ ենք նախատեսում դա: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերից: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ նրանք հիմնականում քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող, հեմոդիալեզ ստացող անձինք ենք:

Նախարարը նշեց՝ առաջնայինն ու կարևորը հիմա երիկամի փոխպատվաստումն է, սակայն մյուս օրգանների՝ լյարդի, սրտի, թոքի փոխպատվաստումը, որոնք շատ բարդ են, կրկին հետագայում կփորձեն անել: Թորոսյանը նկատեց՝ երիկամների փոխպատվաստումը կենդանի դոնորներից այս տարի շատ ակտիվացել է: 2019-ին մոտ 2 անգամ ավելի շատ փոխպատվաստում են արել, քան նախկինում, և այդ ամենը մասամբ իրականացվել է պետության հաշվին։ Պետությունն ամեն փոխպատվաստման համար 2.5 մլն դրամ գումար է հատկացնում:

Անդրադառնալով դիակային դոնորներից փոխպատվաստման վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը շեշտեց՝ հայաստանցիները լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում 30-150 հազար դոլար գումար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից: Հայաստանը ներկայում շատ սերտորեն համագործակցում է Բելառուսի հետ, որտեղ փոխպատվաստումը լավ գործում է: Նախարարը նշեց՝ Բելառուսն աշխարհում փոխպատվաստումով լավագույն տեղում է: Օրեր հետո Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում տեղի է ունենալու լյարդի 2-րդ փոխպատվաստումը (խմբ.՝ կենդանի դոնորից), որին օգնելու են Բելառուսի գործընկերները:

Նախարարը շեշտեց՝ դիակային դոնորներից փոխպատվաստման համար իրավական ակտերի մակարդակով ամեն ինչ կա, որոնք պետք է կիրառվեն պրակտիկայում՝ սկսած ուղեղային մահ ախտորոշումը դնելուց: Քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը տրված չլինի, օրգաններ չեն կարող վերցնել դոնորից: Հայաստանում դիակային փոխպատվաստման համար գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը: «Ով չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները օգտագործվեն այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է հրաժարականի դիմում գրել և մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք: Իսկ ով չի գրի, օրգանները կկարողանանք օգտագործել»,-նշեց նախարարը:

Թորոսյանը խիստ կարևորեց, որ մեսիջը ճիշտ ընկալվի, որ դա զուտ մարդասիրական քայլ է՝ուրիշի կյանքը փրկելու համար, ուրիշ ոչինչ: Նախարարը նկատեց՝ եթե այդ թեման դառնա շահարկումների և քաղաքական դիվիդենտներ քաղելու թեմա, հնարավոր է վտանգի տակ դրվի: «Սակայն դա նշանակելու է մարդկանց կյանքը փրկելուց հնարավորության զրկում: Ունենք մոտ 1000 դիալեզային հիվանդ, և դրանով այդ մարդկանց զրկելու ենք հարաբերականորեն ավելի լավ կյանքով ապրելու հնարավորությունից»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս թեմայի վերաբերյալ իր լսած քննադատություններն առողջապահության և բժշկության հետ քիչ կապ ունեն: