Հոկտեմբերի 22-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. դիմումն այժմ գտնվում է ընթացքի մեջ։ Հեղափոխությունից հետո հարցը կարծես կրկին մղվել է առաջին պլան: Սակայն ակնհայտ է նաև այն, որ առաջին պլան մղվելու բուն պատճառներից մեկը կարող է լինել ոչ միայն կամ ոչ այնքան արդարության հասնելու ձգտումը, որի մասին իշխանական շրջանակներից հնչում են հավաստիացումներ, այլ քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելը. թիրախում հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչից ոգևորված է Հունանյանը նման դիմում ներկայացրել՝ գրեթե վստահ լինելով, որ ինքը հասարակության կողմից ամենամերժելի կերպարն է, որի համար ամենաանվտանգ տեղը հենց ԱԱԾ մեկուսարանն է։ Իհարկե, կարող ենք տարբեր դիտանկյուններից քննարկել ահաբեկչական խմբի ղեկավարի դիմումի մոտիվները, անգամ պնդել, թե նա կորցրել է մեղսունակությունը։ Մյուս կողմից՝ անմեղսունակը հազիվ թե նման դիմում գրելու հնարավորություն ունենար։ Հետևաբար պարզ է, որ այս հարցում նրան «օգնել» են:
 
Հունանյանի հավանական ազատ արձակման լուրի հետ ակտիվացավ նաև իշխանական մամուլը, որին շատ պատահական սկսեց հետաքրքրել այն հարցը, թե ինչ են քննարկել Քոչարյանը ու Հունանյանը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո: Պատահակա՞ն էր արդյոք հանրության ուշադրության սևեռումը հենց այդ քննարկման հանգամանքի վրա: Թերևս ոչ: Իշխանությունները փորձում են մշակել Պլան Բ՝ երկրորդ նախագահի կալանքից ազատման դեմն առնելու համար: Շուտով կհրապարակվի ՄԻԵԴ որոշումը, որը դժվար թե դրական լինի իշխանությունների համար, ասել է թե՝ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է կալանքից:
 
Հետևաբար, իշխանությունները փորձում են ապահովագրել իրենց «Մարտի 1»-ի քանդվող գործում ՝ սահուն կերպով օրակարգ բերելով «Հոկտեմբերի 27»-ի գործը: Իշխանությունները կարող են հայտարարել, որ բացառություն են անում, քանի որ Հունանյանը հայտնել է այնպիսի թանկարժեք ինֆորմացիա, որն ամբողջությամբ լույս է սփռում գործի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան դասական գործարք՝ ազատություն անհրաժեշտ անվան դիմաց: Իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը, արդեն իսկ ակնարկել է, որ թերևս Հունանյանը ինչ-որ նոր ասելիք ունի: Ինչ խոսք՝ հաշվի առնելով գործող դատական համակարգը, ճնշումը դատարանների վրա, Քոչարյանի համար շատ ավելի բարդ կլինի դուրս գալ այս գործի տակից: Եվ հենց սրա վրա են հաշվարկ կատարում իշխանությունները՝ հնավորինս բարդացնելով երկրորդ նախագահի դրությունը:
 
Ի դեպ, կա նաև այլ տարբերակ, որ իշխանությունների մեսիջը ուղղված է ոչ միայն երկրորդ նախագահին, այլ նաև արտաքին խաղացողներին: ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ակնարկել է արտաքին հետքի մասին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հունանյանը դեռ մինչև Հոկտեմբերի 27-ը եղել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Իհարկե, արտաքին հետքի վարկածը հոլովվում է արդեն 20 տարի, և դա նորություն չէ: Սակայն, չի կարելի բացառել, որ այսօր Հունանյանի հավանական ազատ արձակումը մեսիջ է նաև դրսի խաղացողներին` փորձելով լուծել նաև այսպես ասած՝  «դրսի» հարցերը: 20 տարիների ընթացքում շոշափվել են թե ռուսական, թե ամերիկյան, թե նույնիսկ թուրքական հետքի վարկածները: Վերը նշված բոլոր պետությունների հետ էլ այսօրվա իշխանությունները լուծելու շատ հարցեր ունեն...