Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, մյուսը՝ այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

«Դեպքի հետ կապված նախարար Ֆելիքս Ցոլակյանը Տավուշի մարզ այցը ընդհատեց ու մեկնեց Վանաձոր։ Նա այժմ դեպքի վայրում է»,- ասաց Զարգարյանը։

Մեզ հետ զրույցում Վանաձորի ԲԿ-ից փոխանցեցին, որ իրենց մոտ տեղափոխված հրշեջ-փրկարարը ստացել է մարմնի գրեթե 50 տոկոսի այրվածքներ․ «Այրվածքներ է ստացել գլխի և ստորին վերջույթների շրջանում։ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Էրեբուն» բժշկական կենտրոն»,- ասացին ԲԿ-ից:

Ըստ տեղեկությունների՝ մահացած հրշեջ-փրկարարը 22 տարեկան էր, իսկ վնասվածքներ ստացածը 27 տարեկան է։

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- գրել է նա։

Սոնա Հարությունյան