Տարվա հերթական եռամսյակն էլ անցավ, իսկ սա նշանակում է, որ մեր պաշտոնյաները կրկին պետք է պարգևատրվեն լավ աշխատանքի համար։ Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման ֆոնին «պարգևատրումային նոր սկանդալ» է հասունանում։ Պարզվում է՝ կարգին քաղաքապետը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների «օրնիբուն» աշխատանքի դիմաց պարգևատրումների համար շուրջ 70 մլն և ավելի գումարներ է հատկացրել։ 

Բանն այն է, որ քաղաքապետի հոկտեմբերի 2-ի կարգադրությամբ քաղաքապետի տեղակալներ՝ Հրաչյա և Հայկ Սարգսյանները,  Սերգեյ Հարությունյանը, փոխքաղաքապետ Տիգրանը Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ստացել են 965 հազարական դրամ։

840 հազարական դրամներ ստացել են վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը, այդ թվում՝ օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նույնքան պարգևավճար ստանալուց հետ չեն մնացել նաև քաղաքապետարանի մամուլի խոսնակ խոսնակ Հակոբ Կարապետյանն ու խորհրդական Կամո Արեյանը։

 

Ահա, թե ինչպես կարելի է «կարգին պարգևատրումների» շնոհիվ դառնալ միլիոնատերեր։

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանից։ «Երևանի քաղաքապետարանի համակարգում ընդգրկված շուրջ 2 հազար աշխատակից ստացել է եռամսյակային պարգևավճարներ։ Դա ոչ առաջին դեպքն է, կարծում եմ՝ ոչ էլ վերջինը կլինի։ Անցած տարվա վերջից սկսած յուրաքանչյուր եռամսյակին քաղաքապետարանն իր աշխատակիցներին  տալիս է պարգևավճարներ։ Քաղաքային իշխանությունն էլ ի սկզբանե խոսել է սրա մասին, այստեղ պարզապես նորություն չկա։

Հայտնի փաստ է, որ առնվազն անցած տարվա դեկտեմբերից Երևանի բյուջեում նախատեսված է պարգևավճարային ֆոնդ շուրջ 2 միլիարդ դրամ։ Այս մասին բազմիցս խոսվել է, անընդհատ ծեծված թեմա է»,- նշեց Կարապետյանը։ 

 

Դիտարկմանը, թե փաստորեն ինքն էլ է ստացել 840 հազար դրամ, Կարապետյանը դրական պատասխան տվեց։ «Երանի Ձեզ»՝ մեր անզուսպ արձագանքից անակնկալի եկած խոսնակը նախ շնորհակալություն հայտնեց, ապա ավելացրեց․ «Ինչի․․ ը․․․ էդպես։ Երանի Ձեզ, ես կասեի, որովհետև Դուք կարծում եմ՝ ինձանից ավելի երիտասարդ եք և վստահ եմ, որ ինձանից ավելի գեղեցիկ»։

Սոնա Հարությունյան