Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, հայտնում է France 24-ը:

Նշվում է, որ այժմ փաստաթուղթը պետք է հաստատի սենատը և ստորագրի նախագահը:

Նախատեսվում է, որ բժշկական մարիխուանայի օգտագործման փորձը Ֆրանսիայում կսկսվի 2020-ի առաջին կեսին: Արտադրանքի օգտագործման իրավունք կստանան մոտ երեք հազար հիվանդներ, որոնք տառապում են անբուժելի հիվանդություններից, էպիլեպսիայից, սպազմատիկ ցավից, ցնցումներից, ցրված սկլերոզից և քիմիաթերապիայի պատճառով առաջացած բարդություններից:

Ըստ օրենքի, Ֆրանսիայում հիվանդներին կարող են մարիխուանա նշանակել մի քանի հիվանդանոցների բժիշկներ: Սկզբում հնարավոր կլինի մարիխուանա ձեռք բերել դեղատոմս տրամադրած հիվանդանոցի դեղատանը, այնուհետև՝ բնակության վայրի դեղատանը: Դեղը կարելի է ձեռք բերել բույսի չոր տերևների և կոների, բուսական թեյերի և յուղերի տեսքով: