Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում` Բազումի լեռնաշղթայում, մեկ հրշեջի կյանք խլած հրդեհն այսօր առավոտյան ինքնամարվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, երեկ խոշոր հրդեհը մարելու հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, մյուսն էլ` այրվածքներ ստացել։ «Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է»,– գրված է հաղորդագրության մեջ։

Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:

Ժամը 10:33-ին, անհրաժեշտությունից ելնելով, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից ևս հինգ փրկարար: 

 

Հիշեցնենք, որ երկու փրկարար հրդեհաշիջման աշխատանքներ են արել, երբ հանկարծ քամի է սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ է վերցրել։ Նրանցից մեկը` 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը, մահացել էր։ Նա, ի դեպ, Ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Տուժած հրշեջը` 27-ամյա Էդգար Գրիգորյանը, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: