Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Կյուրեղյանն իր վարած Mercedes մակնիշի 91 CԼ 991 համարանիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Վերին Անտառային 138/2 հասցեում գործող «Fine cars of Armenia» ընկերությանը պատկանող ավտոմեքենաների վաճառքի սրահի գլխավոր մուտքի աստիճանների վրա՝ կոտրելով հսկայական ապակիները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել ավտոսրահի աշխատակիցները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Սրահի աշխատակիցները նշել են, որ կոտրված ապակիների տեղում ավտոսրահի ամենաթանկարժեք ավտոմեքենան է կայանված եղել, և իրենք 1 ժամ առաջ այնտեղից հեռացրել էին ավտոմեքենան, հակառակ դեպքում 29 մլն դրամ արժողության ավտոմեքենան վնասվելու էր։ Սրահի մյուս ավտոմեքենաները նույնպես չեն վնասվել։