ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հարազատներից բացատրություն վերցնելը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Նրանց գույք է փոխանցվել և ԱԱԾ-ն պարտավոր է եղել այդ հարցով պարզաբանում իրականացնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը:

«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ այդտեղ չփնտրեք: Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաև խնդիր է առաջացել լսելու Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին` երկու դուստրերին և հորը»,-ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Թովմասյանի դուստրերը 16 և 18 տարեկան են, նա նշեց` իրականում նրանք 23 և 25 տարեկան են: «Խնդիրը կապված է եղել գույքի հետ, նրանց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցով` ուղղակի ամբողջականությունն ապահովելու համար»,-ասաց նա:

 

Մարտիրոսյանը նշեց` իրենք նաև զանգահարել են Հրայր Թովմասյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է Մոսկվա: «Մենք, որպես բարի կամքի դրսևորում, պարզապես ուզում էինք տեղեկացնել, որ այդպիսի խնդիր կա»,-ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու շեշտեց` որևէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել: