ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարություններին, թե հայերը ահաբեկիչներ են: Նախարար Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի նման տոնայնությունը, դիրքորոշումը նորություն չէ:

«Այդպիսի հայտարարություններ տարբեր առիթներով, այլ ձևակերպումներով լսել ենք: Դրանք իրենցից վտանգ են ներկայացնում: Դա լուրջ խնդիր է: Դուք գիտեք մեր դիրքորոշումը երկու երկրների  հարաբերությունների մասով: Մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն առանց նախապայմանների, սակայն նման դիրքորոշմամբ… դա դատապարտելի է, անընդունելի է ու արտահայտում է խորքային մտավախություն Հայաստանի համար վտանգ ներկայացնելու առումով, Թուրքիայի կողմից: Այն տեսակետներն, ինչ արտահայտվել են, դատապարտելի են»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է.

«Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը  մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ  ասում է, որ  Մինսկի համանախագահությունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։

Չավուշօղլուն նաև պնդել է, որ, «եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, ապա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի» այս հարցում։