Սիրիայի հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Սիրիայի հյուսիսում բնակվող հայերի շահերն արդյունքում հաշվի են առնվել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Коммерсантъ-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

«Իմ խնդրանքն էր Ռուսաստանի նախագահին՝ անել ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվեն հայերի շահերն այդ քաղաքում: Այն ժամանակ լարվածությունն այնտեղ մեծ էր՝ Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել է խոստումը: Մենք տեսնում ենք, որ այդ զրույցը որոշակի դրական հետևանքներ է ունեցել», - ասել է Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Վլադիմիր Պուտինին:

Փաշինյանը հույս է հայտնել, որ Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունները կիրագործվեն, քանի որ Ռուսաստանը հայերի անվտանգությունն ապահովելու շատ լծակներ ունի: