2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ է նշանակում վարչապետի կողմից օգտագործված «աշխատատեղերի գոյացում» արտահայտությունը, և արդյոք դա նշանակում է, որ նույն թվով նոր աշխատատեղեր են ստեղծվել, թե՞ գոյանալ բառը պարզապես  վարչապետին օգնել է իրողությունը խաղարկել ու թվերը հօգուտ ներկայիս կառավարության հաջողությունը ներկայացնել, հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իր բացատրությունը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Երկու կոմպոնենտ կա աշխատատեղերի առաջացման, մեկը, որ  նախկինում  ստվերում եղած աշխատատեղերը բերվել են սպիտակ դաշտ, և մյուսը, որ նոր են ստեղծվել»:

Գևորգյանը դժվարացավ ասել, թե երկու կոմպոնենտների միջև ինչպիսին է հստակ  հարաբերակցությունը. «Կարծում եմ շատ ավելի մեծ թիվ են կազմում նոր ստեղծված  աշխատատեղերը: Ես չեմ ասում, թե Հայաստանում մեծ նոր գործարաններ են բացվել, բայց չեմ կարող ժխտել այն փաստը, որ  բազմաթիվ փոքր ձեռնարկություններ շինարարության, սննդի սպասարկման և այլ ոլորտներում ընդարձակում են իրենց գործունեությունը, որոնց շնորհիվ նոր աշխատատեղեր են բացվում»:

 

Ստվերային աշխատատեղերի կրճատմանն անդրադառնալով՝ Գևորգյանն ասաց. «Իմ կարծիքով ավելի մեծ ուշադրության տակ պիտի լինեն խոշոր գործարանները, բայց կլինի փոքր, միջին, թե խոշոր բիզնես, պետք է աշխատի օրենքին համապատասխան, պետք է գրանցի իր աշխատողին և հարկեր վճարի: Ստվերում գործողներ չպիտի ունենանք»:

Այն հարցին, թե երբ քաղաքացին իր կենցաղի վրա կզգա անընդհատ քննարկվող  տնտեսական աճի ազդեցությունը, Գևորգյանը պատասխանեց. «Այդ աճն արդեն զգացել է ՀՀ քաղաքացին: Բարձրացան մի քանի խմբի մարդկանց աշխատավարձեր և դեռ կբարձրանան: Մարդկանց իրական տնօրինվող եկամուտներն աճել են, որովհետև գնաճը նորմայից շատ ավելի ցածր է: Այս ամենն այն դեպքում, երբ մենք չունենք արտաքին պարտքի աճ: Այսինքն, մենք ունենք ոչ թե նկարված թվերի աճ, այլ իրական աճ: Նախկինում մի քանի խոշոր ձեռնարկություններ ավելացրել են, օրինակ, հանքարդյունաբերությունը, բայց, իհարկե, դա բնակիչը չի զգացել իր վրա, մեզ մոտ հակառակն է, հանքարդյունաբերությունը նվազել է, աճել է վերամշակող տնտեսությունը, որն ավելի ներառական է, ավելի շատ մարդ է ներգրավվում: Այս պարագայում աճը որակյալ է»:

 

Պատգամավորը վստահեցնում է՝ եկող տարում նոր հաղթանակներ կգրանցվեն տնտեսության ոլորտում. «Գյուղատնտեսությունում մենք հիմա անկում ունենք, որովհետև մենք մաքրել ենք նախկինից եկող արհեստական թվերը: Թվերը մաքրել ենք, անկում է գրանցվել այս տարի, իրականում ոչ թե անկում է, այլ աճ, որը կերևա արդեն եկող տարի: Եվ սա միակ ոլորտը չէ: Եվ, առհասարակ, մեզ մանդատ եք տվել հինգ տարով, և ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ հինգ տարում Հայաստանում աննկարագրելի մեծ տնտեսական բարեփոխումներ կիրականացվեն: Գուցե փոքր-ինչ դանդաղ, բայց շատ կայուն առաջընթաց ենք ունենալու»:

 

Հ.Գ. թեև Հայկ Գևորգյանը իր խոսքում նշեց, թե մենք չունենք արտաքին պարտքի ավելացում, պետք է տնտեսագետ պատգամավորին հիշեցնենք, որ պետքական պարքտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը: Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է  7մլրդ 51 մլն դոլար: