Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր ծրագրերի իրականացման համար հաջորդ տարի պետբյուջեից նախատեսում է ստանալ 775 մլն դրամ: «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցները հաջորդ տարի ծրագրի շրջանակում այց կկատարեն նաև Արցախ: ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«2020-ի ծրագրերի իրականացնումը բաժանել ենք երկու հիմնական ուղղությունների` Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում: Դրանց համար կպահանջվի ընդհանուր 775 մլն դրամ: Մասնավորապես «Քայլ դեպի տուն» ծրագրին նախատեսում ենք հատկացնել մոտ 140 մլն դրամ և հայրենիքում հյուրընկալել 13-22 տարեկան մինչև 800 անձանց: Նրանք բոլոր կողմերից կծանոթանան Հայաստանին, առկա հնարավորություններին, կբարելավեն իրենց հայերենը և այլն: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մյուս տարի ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել և որոշ ժամանակ անցկացնել Արցախում»,-ասաց Սինանյանը:

Նրա կարծիքով` հայրենադարձությունը նաև փուլային երևույթ է, և ի սկզբանե պետք է գործ ունենալ հոգեբանական հայրենադարձության հետ: Իսկ այս ամենը սկսվում է  դեռ վաղ տարիքից` սփյուռքահայ պատանիների հետ աշխատանքով: Սինանյանն այս իմաստով կարևորեց «Քայլ դեպի տուն» ծրագրի շարունակականությունը, որը նաև հայապահպանության բաղադրիչ ունի:

 

Հանձնակատարի գրասենյակի ծրագրերից է նաև Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը: «Սփյուռքի երիտասարդ համայնքային գործիչներին Հայաստանում վերապատրաստելով մենք լուծում ենք երկու խնդիր` նպաստում ենք սփյուռքի առավել համակարգային կազմակերպմանը և աջակցում ենք երիտասարդ շրջանակների ակտիվացմանն ու սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետների հայրենադարձմանը: Այս տարվա փորձը ցույց տվեց, որ դասընթացներն անցնում են շատ արդյունավետ: Նրանցից առնվազն 2-ն արդեն հայրենադարձվել են»,-ասաց Սինանյանն ու հավելեց` միջոցառման իրականացման համար հատկացվելու է 25 մլն դրամ: