Իսրայելական NSO Group ընկերության մշակած հավելվածի միջոցով առնվազն 20 երկրի պաշտոնատար անձի տվյալները լրտեսվել են WhatsApp-ի միջոցով, գրում է Reuters-ը:

Facebook-ը հոկտեմբերի 29-ին Քալիֆորնիայի դատարանում դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով WhatsApp-ի միջոցով հսկողություն իրականացնելու համար: Հայցադիմումում նշվում է, որ NSO Group-ն այս տարվա ապրիլից մինչև մայիս «օգտագործել է WhatsApp սերվերները Միացյալ Նահանգներում և այլ երկրներում՝ վնասակար հղումներ ու ծանուցումներ ուղարկելու համար մոտ 1400 բջջային հեռախոսի և այլ սարքերի»:
Այս ծրագիրը, ինչպես նշում է հայցվոր կողմը, նպատակ ունի օգտատերերի հաղորդագրությունների, զանգերի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել: Ինչպես նշված է հայցադիմումում, NSO Group-ի աշխատակիցներն օգտագործել են ծրագրից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև այն տրամադրել են այլ անձանց:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ NSO Group-ի կողմից մշակված հավելվածի միջոցով ձեռք է բերվել չարտոնված մուտք: Խոսքն այն երկրների ներկայացուցիչների մասին է, որոնք համարվում են Վաշինգթոնի դաշնակիցներ: Սակայն պետությունների ամբողջական ցանկը չի տրամադրվում: Գործակալությունը նաև չի նշում, թե ովքեր են եղել այդ հարձակումների պատվիրատուն:

Ըստ գործակալության՝ լրտեսման զոհ են դարձել ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մեքսիկայի, Պակիստանի և Հնդկաստանի բնակիչները: