Երեկ տեղի ունեցած «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, թե Հայաստանի փորձագիտական շրջանակներում սուր հարցեր են բարձրացվում, օրինակ՝ կապված կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Դեսպանն ասել է, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում համերաշխության հարցեր են առաջանում: Դեսպանի ասածը, թերևս, չէր լինի այդքան ուշագրավ, եթե այսօր գրեթե նույն միտքը չկրկնեին ռուսաստանցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ Կալաշնիկովը, Զատուլինը, ովքեր Հայաստանում մասնակցելու են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին:

Նրանց բոլորի մեսիջն էլ նույնն էր՝ համերաշխության հետ կապված հարցերի լուծման տարբերակը մեկն է՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը, որին Հայաստանը, կարծես թե, դեմ չէ: Համենայնդեպս, ռուսական լրատվամիջոցին տված իր վերջին հարցազրույցում Փաշինյանը խուսափողական պատասխան տվեց Ադրբեջանի հավանական անդամակցության հետ կապված հարցին՝ ասելով՝ թող Ադրբեջանը հայտնի նման ցանկություն՝ կմտածենք: Ըստ էության՝ Փաշինյանը մտածելու խնդիր չունի, նա ունի քաղաքական սակարկման խնդիր: Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու պարագայում Արցախում ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը գրեթե լուծված կլինի, դա կդիտվի օպտիմալ տարբերակ բոլոր կողմերի և առաջին հերթին ՝ ռուսական կողմի համար:

Սակայն նման սցենարին դժվար թե համաձայնվի Արևմուտքը, և Փաշինյանի քաղաքական առևտուրը հենց այստեղ է կայանում: Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնվել Ադրբեջանի անդամությանը, սակայն դրա դիմաց որոշակի դիվիդենտներ պահանջելով, օրինակ՝ ֆինանսական օժանդակություն, կամ նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ չեզոքության պահպանում: Հակառակ դեպքում՝ Փաշինյանը կարող է սպառնալ ՀԱՊԿ-ին Արցախում տեղակայել արդեն արևմտյան խաղաղապահ բրիգադ: Իր հերթին ռուսական կողմն արդեն մի քանի ամիս է ինչ հասկացնում է Հայաստանի իշխանություններին, որ վերջիններս գործ ունեն բաց հակամարտության հետ, այսինքն՝ կա պատերազմի վտանգ, կամ եթե կուզեք՝ պատերազմի հրահրման վտանգ, և Հայաստանը չի կարող այս պարագայում առևտուր պարտադրել կազմակերպության անդամ երկրներին և առաջին հերթին ՝ Ռուսաստանին: