ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ դիմել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Քննրական կոմիտեին՝ ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով ինձ նամակներ գրող սիրելի՛ քաղաքացիներ, զեկուցում եմ՝

Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ամփոփող տեղեկանքը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Վարչապետին, որից հետո ուղարկվել է ՀՀ դատախազություն և հարուցվել քրեական գործ:

Այնուհետև կապ եմ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և տեղեկացել, որ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն: Ցանկանում եմ հայտնել, որ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում հետևողական եմ լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն և, ըստ անհրաժեշտության, կիսելու հանրության հետ»: