Գյումրու «Թռչունյան տուն» հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնի 84 սան ամեն օր կարող են սովի մատնվել ու ցրտահարության ենթարկվել։ Բանն այն է, որ հաստատությունը ֆինանսավորող բարերարը 5 ամիս առաջ դադարեցրել է օգնություն տրամադրել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանն ասաց՝ չգիտի, թե ինչու է բարերարը նման որոշում կայացրել, միայն լսել է, որ բարեգործական այլ ծրագրեր է իրականացնում։ Նա նշեց՝ հաստատությունը 16 միլիոն դրամի պարտք է կուտակել, ապառիկով է սնունդ գնում, աշխատողներին էլ 5 ամսվա աշխատավարձ չի վճարվել։

«Առայժմ կարողանում ենք խանութներից սնունդ գնել, բայց մատակարարը ցանկացած պահի կարող է հրաժարվել, քանի որ պարտք ունենք։ Կարող է վաղը արթանանք ու երեխաները սոված մնան, որովհետև մատակարարները կարող են հրաժարվել սնունդ տրամադրելուց։ Սնունդն ու ջեռուցումը կատաստրոֆիկ վիճակ են ստեղծել։ Եթե որոշ չափով պարտքը փակենք, գոնե որոշ ժամանակ կշարունակեն սնունդ տրամադրել։ Սրանից ավելի ծանր վիճակ չէր կարող լինել, երեխաները սոված են ու մրսում են»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ դեռևս հովանավոր չի հայտնվել, հույս ունեն՝ կհայտնվի։ 2 տարի առաջ կենտրոնն անցել է Մայր Աթոռի ենթակայության տակ, վերջինիս հետ էլ կապում են հույսը․ «Մեր հույսը Մայր Աթոռն է։ Իրենք լրջորեն զբաղվում են, մտահոգված են։ Հույս ունենք՝ կկարողանան հովանավորներ գտնել՝ օգտագործելով իրենց հեղինակությունը»,- նշեց նա։

Տնօրենը նշեց՝ կենտրոնի աշխատակիցներն ազատման դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դրության մեջ էլ է մտնում, հասկանում, որ ընտանիք են պահում։ Դպրոցն էլ քաղաքից մի քանի կմ հեռու է գտնվում, միջոցներ էլ չկան երեխաներին այլ դպրոցներ տանելու համար։