Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Երևանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին: Ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման. բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի: Հյուրախաղը կազմակերպվել էր նոյեմբերի 8-10 անցկացվող «Երևանի օրերը Գյումրիում» նախագծի շրջանակներում:

Մշակութային օրերի մեկնարկը տրվել է նոյեմբերի 8-ին՝ Երևանի Թումանյանի անվան պետական թատրոնի ներկայացմամբ և Հայաստանի պետական կամերային երգչախումբի համերգային ծրագրով՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:

«Ուզում ենք Երեւանում ստեղծվող մշակութային արժեքավոր երեւույթներն իրենց ամբողջ ծավալով եւ շքեղությամբ ներկայացնել նաեւ Գյումրիում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Անդրադառնալով նմանատիպ հանրույթների այցերին Տիգրան Վիրաբյանը փաստեց՝ դժվար է պարբերաբար կազմակերպել, դրա համար միջոցներ են պետք: «Ընդհանրապես պետք է գտնենք պետական աջակցություն մայրաքաղաքի ու մարզերի կապն ամրապնդելու ու մայրաքաղաքի բարձրաճաշակ մշակույթը հրամցնելու համար: Այստեղ մայրաքաղաքն էլ անելիք ունի»,-նշեց փոխքաղաքապետը վստահեցնելով՝ արվել է ամեն ինչ միջոցառումները բարձ որակով անցկացնելու համար: «Մենք սա անում ենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ՝ նաև գիտակցելով Գյումրիի մշակութասեր հասարակության ճաշակը»:

Նախագծի շրջանակներում նոյեմբերի 10-ին՝ Շիրակի մարզային գրադարանում կհանդիպեն Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական եւ Գյումրու գրադարանների աշխատակիցները: Կանցկացվի սեմինար-քննարկում «Ժամանակակից գրադարանը» խորագրով: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա գալա-համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Մայրաքաղաքի մշակույթը Գյումրիից բացի ներկայացվել է նաև Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում: