Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց Խաչատրյանը:

Հիշյալ քրեական հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, պաշտոնեական կեղծիքին և փաստաթղթերի կեղծմանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղդասարյանի ղեկավարման տարիներին հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ։

Ըստ նախնական տվյալների' վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: