Նոյեմբերի 11-ին ՀՀԿ երիտասարդական թևը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին նախարարի հրաժարականը:

Որքան էլ անսովոր էր ռուպրը ձեռքին ՀՀԿ-ական տեսնելը, սակայն այսօր Հայկ Մամիջանյանը նման ակցիա իրականացրեց: Ընդդեմ Զոհրաբ Մնացականյանի բողոքի ակցիայի շրջանակներում` Հայկ Մամիջանյանը բացականչում էր «Գնացականյան». «Մենք համարում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին զբաղվի ՀՀ շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե ժամանակին պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպագանդիստի և ընդամենը ռեժիմի սպասարկի»:

Ըստ նրա՝ Մնացականյանը BBC-ի եթերում հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել ՀՀԿ-ականների հասցեին, որոնց ի պատասխան մենք պահանջեցինք հիմքերը, սակայն նա ասաց՝ ընդամենը պատկերավոր խոսքի դրսևորում է եղել. «Մենք եկել ենք իրեն պատկերավոր ցույց տալու, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունը դատարկ է, ինչպես այն ճամպրուկները, որ բերել ենք մեզ հետ»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով՝ «այսպես եթե շարունակվի պարոն Մնացականյանը շատ արագ Գնացականյան է դառնալու»:

Մամիջանյանը պնդում է՝ նոր իշխանությունները ոչ միայն չեն կարողանում նոր ձեռքբերումներ ունենալ, այլ նաև իրենց հասած ձեռքբերումներն էլ մսխում են շատ արագ: