Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:

«Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել եւ բնական է, որ համայնքը հետաքրքրված է նաեւ իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»,-նշել է նա:

«Թավշյա հեղափոխությունից» հետո կարելի է փաստել, որ Հայաստանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, ժողովրդավարական պետություններ են եւ երկկողմ հարաբերությունները պետք է զարգացնեն հիմնվելով դրա վրա: «Ի տարբերություն իր տարածաշրջանի, Հայաստանում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն, եւ մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Դա անելով մենք դրական ազդանշան կուղարկենք նաեւ բազմաթիվ այլ երկրներին»,-նշել է սենատոր Ջեք Ռիդը:

ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լիլիթ Մակունցը եւ Տաթեւիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը եւ «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնում են հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի համագործակցության շրջանակներում:

«Մենք ուժեղ ենք, երբ աշխատում ենք միասին»,- հայ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում նշել է կիբերանվտանգության եւ զինված ուժերի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ջիմ Լանգեւինը: Նրա խոսքով, ժողովրդավար Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցելու շատ ավելի լայն հեռանկարներ ունի. «Թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Հայաստանը ժողովրդավար պետություններ են այսօր, որտեղ քաղաքացիներն օգտվում են ազատ կամաարտահայտման իրավունքից, իսկ ժողովրդավար երկրները զարգանում են»:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում քննարկվող համագործակցության ուղղությունները բազմազան են՝ կիբերանվտանգությունից մինչեւ քաղաքական հարաբերությունների խորացման հեռանկարներ: Միջազգային հանրապետական ինստիտուտում մասնավորապես քննարկվել են թափանցիկ կառավարման զարգացման հարցերը: