Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հերքեց բոլոր այն լուրերը, ըստ որոնց՝ նա շուտով հրաժարական է տալու:

«Այդ լուրերը մեկնաբանելու կարիք էլ չեմ տեսնում, որովհետև չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չկա: Դրանք մտացածին տեղեկություններ են, որոնք տարբեր լրատվամիջոցներ տարածում են իրենց լսարանին հետաքրքրելու համար: Այդպիսի լուրեր տարածելու համար ոչ ոք, ոչ մի լրատվամիջոց չունի որևէ առարկայական հիմք»,-ասաց Խաչատրյանը:

Թե ինչու են հենց իր հրաժարականի մասին անընդհատ խոսում, նախարարը չցանկացավ ենթադրություններ անել. «Խոսողներին պետք է հարցնեք, իրենց նպատակներն ինձ հայտնի չեն»: Չնայած այն հանգամանքին, որ Խաչատրյանը կտրականապես հերքում է իր հեռանալու մասին լուրերը, բայց և չեն դադարում այն խոսակցությունները, որ իր պաշտոնավարումը շուտով կդադարեցնի և կհեռանա փաշինյանական թիմից: