Ֆրանսիայի հարավ – արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տնատիրություն: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Enedis էլեկտրամատակարարման ընկերության ներկայացուցչին: Էլեկտրամատակարարման խափանումների հիմնական պատճառը էլեկտրահաղորդման գծերի խզումներն են ծառերի տապալման հետեւանքով, որոնք չեն դիմանում ձյան ծանրությանը: Իզերի դեպարտամենտում տապալված ծառն սպանել է մի ավտոմոբիլիստի:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ի երեկոյան Գրենոբլի եւ Լիոնի միջեւ ձգվող երկաթուղում ձնահյուսերի հետեւանքով կանգ է առել գնացքը՝ մնալով «առանց ջեռուցման եւ լույսի»: Շարժակազմը տարահանվել է: Նոյեմբերի 14-ին տարածաշրջանի յոթ դեպարտամենտներում սպառնալիքի նարնջագույն մակարդակ էր հայտարարվել ձյան սաստիկ տեղումների եւ մերկասառույցի պատճառով: