Հեղափոխությունից առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր դառնում «օրվա նյուզմեյքերը»՝ իշխանական օլիգարխների հասցեին հնչեցրած իր կոշտ ու սադրիչ հայտարարություններով կամ, ինչու ոչ, նաև մեղադրանքներով: Անցան տարիներ և հետաքրքիր է համեմատել, թե արդեն այսօր ինչպես է փոխվել վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունը վերոնշյալ օդիոզ դեմքերի հանդեպ:
 
Բոլորս էլ քաջ հիշում ենք, թե ինչ էպիտետներով էր Փաշինյանը կնքում ՀՀԿ ֆինանսական կտուրը հանդիսացող Սամվել Ալեքսանյանին: 2012-ի մարտին, դեռևս որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ Սամվել Ալեքսանյանին զրկեն պատգամավորական մանդատից: Նա նամակ է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ նշելով, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում կեսից ավելին բացակայել է, ինչը ենթադրում է, որ նա պետք է զրկվի մանդատից: Նիկոլ Փաշինյանը պահանջել է ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սամվել Ալեքսանյանի բացակայությունները հարգելի են համարվել: 2012թ. ապրիլին արդեն Փաշինյանը պահանջում է, որ ուժը կորցրած համարեն Սամվել Ալեքսանյանի գրանցումը՝ որպես պատգամավորության թեկնածու: Արդեն 2016-ին Փաշինյանը ՀՔԾ էր դիմում բացահայտելու Ալեքսանյանի մասնակցությամբ հանցավոր սխեման, որի մասին այսօր մոռացել է, ինչպես նաև մոռացել է իր բոլոր նախկինում արված հայտարարությունները, և այսօր Ալեքսանյանը գրեթե ամենուր ուղեկցում է Փաշինյանին՝ լինելով վերջինիս սրտի օլիգարխը:
 
Պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից և մեղավորներից մեկը Հովիկ Աբրահամյանն է: Նա վարչապետ դառնալուց առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ելքի» առաջարկը՝ Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին, այսպիսի հարցադրում արեց. «ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ՝ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, չեք արել: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք, ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները»: Ուշագրավ էր նաեւ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հովիկ Աբրահամյանի մասին, որը դարձյալ կապված է Մարտի 1-ի հետ: 2014-ի փետրվարի 26-ին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանն իր այդ քայլն այսպես բացատրեց. «Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ սպանությունների հետ, մարդիկ, ովքեր գտնում են անմիջական կատարողներ, նրանց հետ կողք կողքի կանգնել եւ հարգել զոհերի հիշատակը ես չեմ կարող…Դահլիճում ներկա են մարդիկ, ում ես մեղադրել եմ Մարտի 1-ի հեղաշրջումը իրականացնելու մեջ, մարդիկ կան, որոնց անունները շրջանառվել են, նրանք այսօր ԱԺ պատգամավորներ են. ներքին զորքերի նախկին հրամանատարն է այսօր ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը եւ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկը, ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ»: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը այսքանից հետո որևէ կերպ Մարտի 1-ի գործով չի անցնում:
 
Հիշում ենք, թե ինչպես էր Փաշինյանը սափրում մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Առաքել Մովսիսյանի գլուխը, իսկ հեղափոխության օրերին պահանջում հրապարակից դուրս բերել Շմայսի սադրիչ բրիգադները: Այսօր Առաքել Մովսիսյանը նույնպես ազատության մեջ է և որևէ պահանջ նրանից իշխանությունները չունեն:
 
Փաշինյանը թիրախավորել էր նաև Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադիին, 2017-ին խորհրդարանական լսումների ժամանակ ակնարկելով, որ որոշ բուժհաստատություններ վերածվել են օլիգարխների օբյեկտների, այս բուժհաստատությունները, սակայն, իրենց կարգավիճակը չեն փոխել անգամ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո:
 
Եվ ամենահետաքրքիրը, իհարկե, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հասցեին Փաշինյանի հնչեցրած բազմաթիվ մեղադրանքներն են: Սաշիկ Սարգսյանը, ըստ Փաշինյանի, այն մարդն էր, ով փայ էր մտնում գրեթե բոլոր խոշոր բիզնեսներին, ում պատկանում էր արագաչափերի, կարմիր գծերի բիզնեսը: Այդ մեղադրանքները, սակայն, այդպես էլ միֆ մնացին, քանի որ հեղափոխությունից հետո Փաշինյանը չներկայացրեց նախկինում իր կողմից հնչեցրած մեղադրանքների գեթ մեկ ապացույց, իսկ ինքը Ալեքսանդր Սարգսյանը ազատության մեջ է, թե որտեղ՝ գիտեն միայն պատկան մարմինները, սակայն նրան հաճախ են տեսնում եվրոպական այս կամ այն հանգստյան գոտիներում: