Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել են Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Խոսքը 90-ականների սաղարթախիտ անտառի մասին է, որը երևանցիները կոչում էին «Երևանի թոքեր»։ Նշվեց՝ որոշումը պետք է դիտարկել, որպես վարչապետի կողմից հայտարարված 2020 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս։

Թե ի՞նչ փուլում է նախագիծը, որքա՞ն գումար է անհրաժեշտ անտառապատումն իրականացնելու համար, այս և այլ հարցերի շուրջ մանրամասն տեղեկություններ ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել նախարարություն։ Սակայն նկատենք, որ ի պատասխան մեր հարցման՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հակիրճ պատասխաններ են տվել։ Այստեղից միայն տեղեկացնում են, որ նախնական գնահատմամբ՝ Նորքի անտառների տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ։

Նախարարությունից փոխանցում են նաև, որ անտառապատման վերաբերյալ մշակված նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, որով նախատեսվում է նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 6000 դրամ։

 

«Խնդիրներ կան ոռոգման հետ կապված, իրականում, եթե կաթիլային չներդնենք, դժվար կլինի վերականգնելը։ Կաթիլայինով կվերականգնվի»,- ասել էր Էրիկ Գրիգորյանը։

Նշենք, որ դեռևս տարիներ առաջ՝ կառավարության 2006 թ․ որոշմամբ, Նորքի անտառաներին տրվել էր բնակավայրի նշանակություն։ Հայանտառ ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող հողերը կազմել են 56,7 հա, իսկ կառավարության 2015թ․ որոշմամբ 1,4 հեկտար մակերեսով հողամասը տրամադրվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ կառավարության ծրագիրն անվանել Նորքի անտառների վերականգնում սխալ է, քանի որ այն վերաբերում է միայն հեռուստաաշտարակի տակ գտնվող մի հատվածին։

 

Картинки по запросу ինգա զարաֆյան

«Որքանով հասկանում եմ կառավարությունը փորձում է տարբեր տարածքներ գտնել, որպեսզի 10 մլն ծառատունկն իրականացնի, նշված տարածքն էլ դրա շրջանակում է։ Կարծում եմ՝ դրա համար շատ մեծ գումարներ չեն պահանջվում։ Ծրագիրը լավն է, բայց խոսել Նորքի անտառների վերականգնման մասին չենք կարող, որովհետև տարիների ընթացքում տարածքը կառուցապատվել և սեփականաշնորհվել է։ Ուստի կա՛մ պետք է չեղյալ համարվեն անօրինական թույլտվությունները, ինչը հնարավոր չէ, քանի որ ամբողջ տարածքը կառուցապատված է, կա՛մ այլ միջոցներ ձեռնարկվեն։ Պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին՝ սկսած քաղաքապետերից, և պարտադրել վերականգնել անտառները»,- նշեց բնապահպանը։

 

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը պարզ է, բայց պետք է հասկանալ՝ ինչ է հարկավոր անել, ինչը կառավարությունը դեռ չի հասկացել․ «Անտառ վերականգնել չի նշանակում միայն ծառեր տնկել։ Երևանի կանաչապատումը նախկինում իրականացվել է պրոֆեսիոնալ ձևով։ 4 հարկանի կանաչապատում է եղել՝ մեծ ծառեր, այնուհետև տարբեր ծառեր, իսկ վերջին հարկում ծաղիկներ ու թփեր։ Իսկ, թե հիմա ի՞նչ ձևով է իրականացվելու՝ հայտնի չէ»,- ասաց Զարաֆյանը։

Սոնա Հարությունյան