Ուիլյամ Ռոմոզերը ասում է, որ Կարմիր մոլորակի վրա ամեն դեպքում կյանք կա:

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի միջատաբան, պրոֆեսոր Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ տիեզերական սարքերից արված Մարսի պատկերներում միջատ է նկատել, հաղորդում է Cnet-ը:

Ռոմոզերի ուսումնասիրությունը ներկայացվել է Ամերիկայի միջատաբանների միության Սենթ Լուիսում կայացած համաժողովում: Հետագայում հետազոտության վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակվել է Օհայո նահանգի համալսարանի կողմից:

Որպես իր տեսության ապացույց, Ռոմոզերը լուսանկարներ է տրամադրել, որոնք, իբր, ապացուցում են, որ Մարսի վրա կյանք գոյություն ունի: Միջատաբանի խոսքերով, նա միջատների և սողունների նման կյանքի ձևեր է հայտնաբերել և ասում է, որ Մարսի վրա «կյանքի բարձրագույն ձևերի զարմանալի առատություն կա»:

 

Ռոմոզերը պնդում է, որ NASA-ի մարսագնացներից արված կադրերում քարացած և գոյություն ունեցող կյանքի ձևեր են ֆիքսվել, այդ թվում միջատանման արարած որսացող սողուն հիշեցնող արարած:

Հարկ է շեշտել, որ պատկերները չափազանց խամրած են, և «միջատները», շատ հնարավոր է, որ պարզապես մարսյան քարեր լինեն: