ՀՀ կառավարությունն ընդունեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշումը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այս կարգի սահմանման նպատակը նշված գործունեություններն օրենքի դաշտ տեղափոխելն է:

«Նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները: Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորմանը տալուն զուգահեռ ևս այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք: Նպատակն այն է, որ սահմանվեն հստակ կանոններ, և հստակորեն ժամանակահատվածը, տեսակները, թե ինչպես է իրականացվելու որսը, և այս գործունեությունը փորձենք տեղափոխել օրինական դաշտ»,- ասաց Գրիգորյանը: