1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանի ձեռքբերման վկայագիր կտրամադրվի։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«2013–ի հաշվառման համաձայն' կարիքավոր են համարվել նման 895 ընտանիք։ Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունն այս տարի ուսումնասիրություններ է նախաձեռնել»,–ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

Նրա խոսքով' պետությունն այս ընտանիքների բնակարանի խնդիրը պարտավոր էր լուծել տարիներ առաջ։ Ժամանակին ինչ–ինչ գործընթաց սկսել է, որոշներին տներ են հատկացվել, բայց 2009–ից գործընթացը կանգ է առել։

Բադալյանը հայտնեց նաև, որ ծրագրի իրականացման համար 1.5 մլրդ դրամ կտրամադրվի պետբյուջեից։ Նշենք նաև, որ վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու ժամկետը 1 տարի է, և այն ենթակա չէ երկարաձգման:

Հիշեցնենք, որ ըստ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ցուցակների, որոնք թարմացվել են 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին' ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը' մարզերում: