Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Կոնդ, Տերյան, Երկմալյան և մի քանի այլ թաղամասերի բնակիչներ: Նրանք պնդում էին, որ ՀՀ կառավարության նամակների բաժին ուղղված իրենց դիմում-նամակները մնում են անպատասխան, չեն հասնում հասցեատերերին և ընթացք չեն ստանում: Նրանք պահանջում են Կառավարության նամակների վարչության պետ Ալեքսան Ղազարյանի՝ աշխատանքից հեռացումը. «Ինչ ա՝ ուզում են Կոնդի վեց հազար բնակչով հասնենք ստեղ ու ստպենք, որ աշխատեն: Մեզ Ղազարյանն ասում ա՝ թևերս կապած ա, չեմ կարում աշխատեմ, եկել ենք թևերն արձակենք, բմբուլներն էլ քամուն տանք: Ֆիդանյանն ու Ղազարյանը մեր տված դիմումները դնում են տակները, նստում են, մեր դիմումներն իրանց տաքացնում ա: Մենք հանցագործության մասին հաղորդում ենք տալիս, հաղորդումը, փոխանակ հասնի հասցեատիրոջը, հասնում ա հանցագործին: Հանցագործն էլ զանգում ա մեզ՝ թե բա վրես բողոք եք գրում»:

Կոնդի բնակիչների նամակները վերաբերում են իրենց բնակարանների ապօրինի առքուվաճառքին. «Մենք խաբար չենք՝ մեր տները ծախում են, մենք վաղը դուրսը կմնանք: Հին աշխատող ա, հին համակարգից մնացած հանցագործ ա Ղազարյանը, ինքը կառուցապատողի հետ կոռուպցիոն գործարքի մեջ ա: Սրան պետք ա հանեն, շպրտեն դուրս, ինչքան կարելի ա ոչ մի բանով չզբաղվել: Նամակների վարչությունը թող փակեն, ում ա պետք, որ նամակները դնում են տակները տաքանում ու ասում ա՝ տղամարդ եմ: Դու տղամարդ ես, թե տրյապկա, գլուխդ մեռնի»:

 

Կոնդի բնակիչները պնդում են, որ իրենց անընդհատ խոստանում են հրավիրել նիստի, սակայն նիստերն այդպես էլ կամ չեն անցկացվում, կամ իրենց չեն հրավիրում.  «Սերժի մնացորդներին են պահում, ինչու, էս շենքում խելքը գլխին ուրիշ մարդ չկա՞»: Ակցիայի ընթացքում Կառավարության շենքից իջավ և բնակիչներին մոտեցավ Ալեքսան Ղազարյանը, նրան ցուցարարները բուռն ընդունելության արժանացրին: Տարբեր կողմերից վիրավորական խոսքեր ու վանկարկումներ հնչեցին նրա հասցեին, այնուամենայնիվ, Ղազարյանը փորձեց զրուցել բողոքող քաղաքացիների հետ:

Ղազարյանը լրագրողներին պաշտոնապես հայտարարեց, որ չկա նույնիսկ մեկ դիմում, մեկ նամակ, որը անպատասխան է մնում իրենց կողմից: Նա պնդեց, որ նամակների պատասխանները, պարզապես, չեն բավարարում քաղաքացիներին. «Վարչապետին գրում են դատական վճիռների, քրեական գործերի վերաբերյալ նամակներ՝ առանց հասկանալու, որ վարչապետն ու վարչապետի աշխատակազմը չունեն իրավասություն այդ գործերին միջամտելու»:

Հարցին, թե ինչ ճակատագրի են արժանանում այն նամակները, որոնք իրավական գնահատական չեն պահանջում՝ Ղազարյանն ասաց. «Նամակներն ու դիմումները քննարկվում և զեկուցվում են վարչապետին, չկա նամակ, որ կորի կամ կորել է: Եթե քաղաքացին պատասխան չի ստացել, ուրեմն փոստային առաքումով է ուղարկվել և ինչ-որ հանգամանքներում չեն հասել քաղաքացուն: Երբեմն նաև ոչ վայելուչ նամակներ ենք ստանում և բնականաբար պատասխան չեն ստանում»:

Բողոքող քաղաքացիներին մոտեցավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Էդուարդ Ավագյանը, ում քաղաքացիները վստահում են: Նրանք փոխհամաձայնության եկան միասին աշխատելու, հաջորդ երկուշաբթի կրկին հանդիպելու:

 

Աիդա Կիրակոսյան