Վանաձորում բնակվող տարեց քույրերին նպաստից զրկելու դեպքը ուսումնասիրվում է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Նախարարը հանձնարարել է զբաղվել կանանց դեպքով և ևս մեկ գնահատում անցկացնել։ Գնահատող իրականացնող և նպաստ նշանակող մարմինը նախարարությունը չէ, դրանք համայնքային ծառայություններն են։ Նախարարը հանձնարարել է կապ հաստատել համայնքային ծառայությունների հետ, փորձել հասկանալ՝ գնահատման արդյունքներով ինչ է պարզվել և ևս մեկ գնահատում իրականացնել՝ պարզելու' սխալմունք եղել է, թե ոչ։ Այս պահին ոչինչ չենք կարող ասել, քանի որ գնահատումը մեկ օրում անցկացնել չի լինում»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց՝ դեպքը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և նախարարի հնաձնարարականով զբաղվում են դրանով։

Երեկ azatutyun.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմում էր նպաստից զրկված տարեց քույրերի մասին։ Բանն այն է, որ 88-ամյա Բավական Ոսկանյանը Վանաձորի իր բնակարանում ընկել, ծունկն ու կոնքոսկրը կոտրել է։ Տնակային ավանի ցուրտ ու անբարեկարգ տնակի դուռը կողպել է ու 93-ամյա քրոջ՝ Վերգինեի տուն տեղափոխվել։ Նրանք ժառանգներ չունեն, երկուսով միասին մոտ 60 000 դրամ կենսաթոշակ են ստանում։ 2014 թ․ Բավական Ոսկանյանը զրկվել էր աղքատության նպաստից' 18 000 դրամից, քանի որ սոցիալական ծառայության աշխատակիցները նկատել էին, որ հաճախ փակում է տնակի դուռն ու գիշերում քրոջ բնակարանում։

Անցած ամիս, երբ լրացել է սոցիալական ծառայություն նոր փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը, 93-ամյա կնոջ ներկայացրած տվյալները համարել են կեղծ ու նրան զրկել նպաստից․ - «Ասում ա՝ քույրդ քեզ հետ ա ապրում, եթե քիրդ առանձին ըլի, դու կստանաս: Բայց հիվանդ կնիկ ա էն մարդը, ո՞նց ես նրան բրախեմ»:

Սոցիալական ծառայությունում պարտադրում են տվյալների մեջ շեշտել, որ անկողնային վիճակում գտնվող 88-ամյա Բավական Ոսկանյանը ոչ թե իր հաշվառման վայրում՝ տնակում է ապրում, այլ քրոջ' Վերգինեի բնակարանում։ Մինչդեռ Ոսկանյան քույրերը մտավախություն ունեն, որ դուրս կմնան տնակային ավանի բնակիչների և բնակարանի կարիք ունեցողների ցուցակներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են՝ պնդելով, որ մշտական բնակության վայրը փոխելիս' անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում համապատասխան մարմիններին տեղեկացնել այդ մասին։