Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Այս մասին հայտարարություն է տարածել համերգը կազմակերպող AVM production ընկերության տնօրինությունը։ Նրանք, մասնավորապես, նշում էին, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել իրենց կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը:

«Դահլիճի 70 տոկոսը վաճառվել էր, իսկ հիմա մնացել է ընդամենը 200 վաճառված տեղ, քանի որ ամբողջությամբ տոմսերի հետ վերադարձ ենք արել: Ահռելի քանակի տոմսերի գումար ենք վերադարձրել: Կարծում եմ՝  վաճառել      2-րդ իվենթ Նոր տարվա միջոցառմանը՝  իմանալով, որ պետք է տեղի ունենա համերգ՝ այնքան էլ ճիշտ չէր, թե քաղաքապետարանի կողմից, թե Բրեգովիչի գործակալների կողմից: Մենք կրել ենք սարսափելի ֆինանսական կորուստներ ու դեռ չենք ստացել հետ կանխավճարը, որովհետև մեղքի մի մասն էլ իրենցն էր, որ մեզ չէին զգուշացրել, որ մի փոքրիկ Երևանում մեկ ամիս տարբերությունով, ևս մեկ համերգ են նախատեսում»,- նշեց Մալոյանը: 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ չի կարող մեկանաբանել իրավիճակը.

 

«Ըստ էության, Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համատեղ, պայմանավորվածություն է ձեռք բերել Գորան Բրեգովիչին հրավիրելու Հայաստան՝ Ամանորի գիշերը, որպեսզի վերջինս Հանրապետության հրապարակում համերգով հանդես գա»: