Այսօր՝ մարտի 26-ին, Երևանի Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի Երևան քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը դատարանի որոշմամբ վերցվեն երկամսյա կալանքի:

Դատավոր Ա. Վարդապետյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը, որից հետո նշված անձինք տեղափոխվեցին ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ՝ մարտի 24-ին, Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (հանցափորձ, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրեական գործը հարուցվել էր դրանից մեկ օր առաջ՝ մարտի 23-ին, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում հնչած կրակոցների փաստով: Այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում կրակոցներ են հնչել:

Կարճ ժամանակում նշված վայր էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, ժամանել էր նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մի քաղաքացու, ում, ոստիկանների կանչով, շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Նշված վայր էին ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ և տեղում կազմվել էին մի քանի օպերատիվ քննչական խմբեր: Օպերատիվ քննչական խմբերը նշված վայրում հայտնաբերեցին Մակարով տեսակի ատրճանակից արձակված 4 կրակված պարկուճ, ինչպես նաև Մարգուլին տեսակի ատրճանակից կրակված ՏՕԶ տեսակի 4 պարկուճ:

Հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը՝ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Ասատրյանը և Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանն ու Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:

Ոստիկանությունը պարզել էր, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Երևան քաղաքի Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանն էր, իսկ նրա հետ այդ պահին եղել էր Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան 86 տան բնակիչ, 27-ամյա Անուշավան Մանուչարյանը, և երբ նրանք միասին էին եղել, անհայտ անձինք կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ, սակայն Ա. Մանուչարյանը դիմել էր փախուստի, ու կրակողներից մեկը հետապնդել էր նրան մինչև այն պահը, երբ Ա. Մանուչարյանը մտել էր իր բնակության վայրի շքամուտք, իսկ հարևանները ֆոտոլրագրողին պատմել էին, որ հետապնդողի կողմից արձակված կրակոցներից վնասվել էր վերելակի դուռը, Մանուչարյանի տան մուտքի դուռը, որի վրա կային կրակոցների հետքեր: Բարեբախտաբար, Ա. Մանուչարյանը վնասվածքներ չէր ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Մանուչարյանն աշխատում է որպես Բերդ քաղաքի էլեկտրոցանցի պետ, իսկ նրա հայրը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվ քննչական խմբերը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ էին ստանում, թե ովքեր են կատարել կրակոցները: Գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում կրակոցներ արձակողները հայտնաբերվում և հայտնվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Ոստիկանության բաժնի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ «եթե միլիցեքը շուտ չհելնեին դրանց հետքի վրա, հաստատ կրակոցները շարունակություն էին ունենալու և, այն վերածվելու էր վենդետայի», իսկ կրակողները, ըստ հավաքվածների, իրենց ճանաչում են՝ որպես «հալալի» և «զուլալի»:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բաժնում հավաքվածները Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչներ, 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանն էին, ովքեր ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել էին նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ շուտով հայտնաբերվելու էր նաև «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ տեղեկությունների, «հալալ»-ն ու «զուլալ»-ը կրակոցներ արձակելուց հետո դիմել էին փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հանցագործությունը կատարած Բ. Հովհաննիսյանն ու Հ. Հարությունյանը քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի