Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է երթը դեպի Երևան։ Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով: «Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով' ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ' կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:

Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրել էին նաև, որ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ էին տարել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։