ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Դրախտիկի դպրոցի վերաբերյալ սոցցանցերում տարածված հրապարակումներին․

«Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»: