ՀՀ կրթական ոլորտում սպասվող փոփոխության, ինչպես նաև հայագիտական որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ Վահրամ Մկրտչյանի հետ:

«Հայագիտական առարկաներին վերաբերող հարցը դարձել է շահարկման թեմա, որը բուռն քննարկվում է, ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ՝ մասնագիտական կառույցներում: Երբ մենք խոսում ենք բուհերի ինքնավարությունը մեծացնելու մասին, որը նաև մեր կառավարման քաղաքականության հիմքում էր դրված եղել, ենթադրվում է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություներին պետք է տալ ազատություն: Բայց գտնում եմ, որ Հայոց լեզվի և Հայ գրականության պարտադիր լինելը անպայման պետք է մնա, գոնե մեկ կիսամյակի շրջանակում»,- ասաց նա:

Մկրտչյանը վստահ է, որ դպրոցներում հայագիտական առարկաներ սովորում են ու աշակերտներն էլ տիրապետում են. «Հիմա հաճախ շահարկվող հարցն այն է՝ ինչ է, դպրոցում չե՞ն սովորում: Իհարկե, սովորում են, բայց խոսքը այլ մոտեցման մասին է: Հիմնական հարցն այն է, թե ինչ պետք է իմանա աշակերտը կամ ուսանողը՝ դպրոցն ու բուհը ավարտելուց հետո»:

Նրա կարծիքով՝ ընդամենը պետք է առարկաների դասավանդման մեթոդը փոխել. «Բուհերում շարահյուսություն ու ուղղագրություն դասավանդելը այնքան էլ ճիշտ չէ: Այդ մակարդակում ուսանողներին կարելի է սովորեցնել գրագետ հոդվածներ գրել, մագիստրոսական գեղեցիկ թեզ կամ գիտական ուսումնասիրություն կատարել: Այսինքն՝ ծրագրային փոփոխություններ անել: Գործող օրենքում այդ առարկաների դասավանդումը պարտադիր է: Անձամբ ես՝ անհրաժեշտություն չեմ տեսնում դա փոխելու»:

Մկրտչյանի խոսքով՝ փոփոխություն պետք է անել առարկայական ծրագրի ներսում, որպեսզի այն նույնությամբ չկրկնի այն ծրագիրը, որը անցկացվել է դպրոցում:

«Վստահ եմ, որ մենք մեր մայրենի լեզվին պետք է լավ տիրապետենք, քանի որ դա հրամայական է: Կրթության յուրաքանչյուր փուլում մենք պետք է կարողանանք մայրենին ճիշտ մատուցել: Կրթությունը ողջ կյանքի ընթացքում է: Դպրոցում պետք է այլ բան սովորեն, բուհում՝ այլ»,- ընդգծեց նա:

Մկրտչյանը վստահ է, որ հայագիտական առարկաները պետք է պարտադիր լինեն. «Մենք այսօր ապրում ենք մի գլոբալիզացիոն դարաշրջանում, որտեղ մեր արժեքների դեմ ուղղակի արշավ է սկսված: Ընդհանուր, այդպիսի պրոցես է տեղի ունենում: Եվ այս պարագայում, հայագիտական առարկաները միայն դպրոցում դասավանդելը բավականին քիչ է: Մեր պետությունը այդ առարկաները պետք է իր հոգածության տակ վերցնի: Իհարկե, այստեղ բուհերի ինքնավարության հարց կա, և ես չեմ կարծում, որ, եթե դա թողնենք կամընտրական տարբերակի, ապա որևէ բուհի գիտական խորհուրդ դա չներառի պարտադիր ծրագրի մեջ: Բայց այս փուլում դա պետք է պարտադիր մնա»:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Հայոց պատմություն առարկայի դասավանդմանը՝ մանավորապես նշելով. «Առարկան, որը կոչվում է «Հայ եկեղեցու պատմություն», պետք է անպայման դասավանդվի դպրոցում, այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Մեր եկեղեցին դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ պահել է մեր ժողովրդին, մեր ազգը, այն դեպքում, երբ մենք պետականություն չենք ունեցել: Մենք իրավունք չունենք, այդ առարկան չներառելու մեր դպրոցական ծրագրերում: Մի քանի աղանդների կամ այլ փոքրամասնություների լոբբինգի արդյունքում, չպետք է թույլ տանք, որ այդ առարկան դուրս մնա դպրոցական ծրագրից»:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան բավարար ողջախոհություն և չեն ընդունի նախագիծը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Մկրտչյանը:

Լուսինե Մարդոյան