ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է: ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ ֆինանսական շուկաների զարգացման:«2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- շեշտեց Թորոսյանը: