Հայաստանի իշխանությունների կողմից ծայր առած խաղաղության քարոզը որոշակի կոնկրետ դրսևորումներ է ստանում: Լրագրողների՝ Բաքու կատարած այցին այժմ էլ հաջորդելու են պատգամավորական խմբերի փոխայցելությունները, և այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի ակնհայտ ակտիվացման ֆոնին: Մի կողմից ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բացահայտ հայտարարում է այն մասին, որ հակամարտության լուծումը ենթադրում է փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր, մյուս կողմից «Կոմերսանտ»-ը հարցազրույց է վերցնում Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանից, ով հանդիսանում է պաշտոնական Երևանի ամենահարմար թեկնածուն՝ Արցախում սպասվող նախագահական ընտրություններում, և Մայիլյանը ողջունում է խաղաղության նախապատրաստման գործընթացը: Արդեն իսկ ուրվագծվում է այն սցենարը, որին տանում է այս խաղաղության բացահայտ քարոզը: Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, դրանց կհաջորդի հանրաքվեն Հայաստանում, որի անոնսը Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ արել է, դրան կհաջորդի խաղաղության համաձայնագրի կնքումը, ՀԱՊԿ զորքերի տեղակայումը Արցախում, փախստականների վերադարձը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի՞նչը կարող է խառնել Փաշինյանի խաղաքարտերը՝ վերոնշյալ ծրագիրը իրագործելու ճանապարհին: Իհարկե, այն հանգամանքը, որ արցախցիները կարող են առաջնահերթ համարել սեփական անվտանգությունը, ինչը նրանք և անում են, և ձայն տալ օրինակ՝ Վիտալի Բալասանյանին: Մյուս կողմից չպետք է մոռանալ Արևմուտքի գործոնը, որը չի կարող թույլատրել Ռուսաստանի ռազմական ներկայության կրկնապատկումը Հարավային Կովկասում, այն էլ ռազմավարական դիրք զբաղեցնող Արցախում: Արևմուտքը կարող է փորձել աջակցել նախկին իշխանություններին, որոնք էլ կթիրախավորեն Փաշինյանի՝ Արցախի հարցում տարվող քաղաքականությունը: Մասնավորապես, նման ակնարկներ Արևմուտքն արդեն իսկ անում է. ԱՄՆ դեսպանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, այնուհետև Սարգսյանի ելույթը Զագրեբում, որտեղ նա խոսում էր, ի դեպ, հենց Արցախին սպառնացող վտանգներից, հենց այն նույն պահին, երբ Իտալիայում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի բլոգերին բացատրում էր, թե որքան է ինքը կարևորում, որ բանակցությունների արդյունքը լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի: Մյուս կողմից՝ Արևմուտքի մանևրերը նկատում է նաև ռուսական կողմը, որը փորձում է կանխել Սերժ Սարգսյանի արևմտյան ակտիվությունը:

Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորումը և հնարավոր արտահանձնումը Հայաստանին, իրականում, մեսիջ է հենց Սերժ Սարգսյանին, որ, եթե վերջինս շարունակի նույն տեմպով, ապա Մոսկվան էլ կարող է ավելի հոժարակամ դառնալ նախկին իշխանության օդիոզ դեմքերին հայրենիք վերադարձնելու հարցում և, ի վերջո, հասնել հենց իրեն՝ Սերժ Սարգսյանին…