Ոստիկանության երկու նախկին ներկայացուցիչներ, որոնք անմիջականորեն առնչվում են Մարտի 1-ի գործին, այլևս չկան։ Ընդամենը 2 ամիս առաջ իր առանձնատանը մահացու հրազենային վնասվածքներով հայտնաբերված ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքում նշվում է, թե կատարվածը ինքնասպանություն է, այսօր էլ ՌԴ-ում, գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի մահն էլ որակվում է որպես դժբախտ պատահար։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:

Նկատենք, որ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ և բնական է, որ գործի բացահայտման համար կարևոր նշանակության տեղեկություններ կարող էր հայտնել։ Հայկ Հարությունյանն էլ սպանության կամ ինքնասպանության դեպքից առաջ հարցաքննվել էր և ուշագրավ հայտարարություններ արել։

 

Այս երկու մահվան դեպքի մասին լսելիս հարց է առաջանում՝ ո՞ւմ էր պետք նրա մահը։ 

Հիշենք, որ դեռևս 2013-ին Երևանի ոստիկանապետ դարձած Աշոտ Կարապետյանի անունը կապվում է Մարտի 1-ին ակտիվիստներին ճնշելու, ղեկավարելու, նրանց խաղաղ գործողությունները ցրելու հետ:

«Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ իր մի քանի ենթականերով հանդերձ, կարելի է ասել, Մարտի 1-ի դեպքերի ամենաակտիվ մասնակիցներից են եղել։ Սակայն նա հատուկ աչքի է ընկել այն ժամանակ, երբ հանուն ավազակապետության՝ համաձայնել է գործ սարքել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ հետախուզության գծով պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանի դեմ»,- ժամանակին նման գնահատականներ է հնչեցրել հրապարակախոս ակտիվիստ Զառա Հովհաննիսյանինը՝ նշելով, որ ցանկացած ակտիվիստ շատ լավ գիտի նրա գործողությունների մասին, ով իր հավատարմությունը համակարգին հաստատելու համար հենց զոհաբերել է իր գործընկերոջը՝ Արմեն Նիկողոսյանին:

Այսպիսով, Մարտի 1-ի գործով երկու առանցքային վկաներն այլևս չկան, իսկ թե ինչ ազդեցություն կունենա նրանց բացակայությունը գործի բացահայտման վրա՝ դեռևս մեկնաբանման կարիք ունի: