ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում ներառել վարկ վերցնելու վերաբերյալ խնդիրներ:

Այս մասին Թանդիլյանն ասաց նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Վարկառուներից ընդամենը 33%-ն է ցույց տալիս, որ ֆինանսական գրագիտության առումով ինքը տեղեկացված է: Սա խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է լծվենք այդ խնդիրը լուծելու աշխատանքին, և ես շատ ուրախ եմ իմանալ, որ դպրոցական ծրագրերում կամ ինչ-որ ձևաչափով պետք է ներառվի ֆինանսական գրագիտությունը: Ես ուզում եմ, որ մաթեմատիկայի դասագրքերի խնդիրները վարկեր վերցնելու տոկոսների ձևաչափով ներկայացնենք, որովհետև այսօր երկրում գրեթե չկա մեկը, որը չունի վարկ, բայց բազմաթիվ են մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է գոյանում այդ տոկոսը, ինչի համար են իրենք վճարում դա»,- ասաց Թանդիլյանը: