«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել է մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Ընդանուր առմամբ, այս տարվա հանգանակությունը շատ ավելի փոքր է, քան նախորդ տարիներինը, և դա ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում էր՝ խոսելու Հայաստանի շուրջ Սփյուռքի համախմբման, համահայկական ներուժի գեներացման անհրաժեշտության մասին: Իհարկե, ողջունելի կոչեր են, սակայն պետք է փաստել, որ վարչապետի խոսքերը բարի կենացներից այն կողմ այդպես էլ չանցան:
 
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում, որպեսզի շահի Սփյուռքի վստահությունը. հասկանալի է, որ, պարզապես, հներին գող ու թալանչի հանելով՝ այդ վստահությունը ձեռք չես բերի: Սկզբում Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը, իսկ մինչ այդ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարելի է ասել, ոչնչով էլ աչքի չընկավ, բացի նույն բարի կենացների մակարդակի հայտարարություններից: Հիշեցնենք, վերջինս մեծ ներգաղթի էր պատրաստվում, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ Սփյուռքը իր էնտուզիազմը այս հարցում չի կիսում: Այնուհետև, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց Զարեհ Սինանյանը: Ի՞նչ է արել Սինանյանը այս ընթացքում Սփյուռքի վստահությունը հետ բերելու համար: Նրա մի քանի այցերը ՌԴ և հանդիպումը հայկական համայնքի հետ, կարծես թե, որևէ պտուղ չեն տվել, իսկ եթե տվել են, ապա այնչափ փոքր, որ անգամ ինքը՝ Սինանյանը, այդ մասին հարկ չի համարել հայտնել:
 
Իշխանություններին, ինչ խոսք, հաջողվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը դարձնել համահայկական քննարկման առարկա, սակայն ոչ թե հիմնադրամի հանդեպ վստահության աճի, այլ հիմնադրամը վարկաբեկելու առումով: Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան» հիմնադրամի՝ այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Կազինոյում կամ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ու հետո արագ վերականգնել: Բայց դեպքը լավ «թմբկահարված» էր և, ինչպես հին հրեական անեկդոտում է ասվում` «նստվածքը մնաց»: Նոր տնօրեն Հայկակ Արշամյանը, թեև կայսերական ծրագրեր էր կազմում այս տարվա հեռուստամարաթոնի շուրջ, սակայն կարելի է ասել, որ այս ձախողումը նաև նոր տնօրենի և հիմնադրամի նոր ղեկավար կազմի ձախողումն է: Վերջիններիս թերացումների հետևանքով այժմ Սփյուռքի յուրաքանչյուր մեր հայրենակից տաս անգամ կմտածի՝ հիմնադրամին մեկ ցենտ հանգանակելուց առաջ:
 
Իհարկե, երեկվա ձախողման մեղավորները ոչ միայն շարքային պաշտոնյաներն են, այլ նաև գլխավոր գործող անձը՝ Նիկոլ Փաշինյանը: Թերևս, վերջինս վստահ էր, որ հատկապես Արցախի հանդեպ իր վարած քաղաքականությունը աննկատ կմնա Սփյուռքի կողմից, աննկատ կմնա Արցախյան ազատամարտին մասնակցած բարձր սպայական կազմին՝ ասֆալտին փռելու սպառնալիքները, գեներալների վարկաբեկումը, Արցախի նախագահին «մարզպետ»-ով դիմելը, արցախցի-հայաստանցի արհեստական բաժանարար գծեր ստեղծելը՝ այս ամենը, փաստորեն, աննկատ չի մնացել և հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ամենափոքր հանգանակությունը ասվածի վառ ապացույցն է…
 
Այսպիսով՝ Սփյուռքը ցույց է տալիս, որ համաձայն չէ Փաշինյանի և իր թիմի այդ քաղաքականության հետ և չի պատրաստվում օժանդակել այդ թիմին. երեկ հանգանակված գումարը լավագույն կերպով է արտահայտում Փաշինյանի կողմից առաջ քաշված համահայկականության թեզի իրական պատկերը...