Ոստիկանները կալանավորել են Կիեւի մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւի դեմ մահափորձի եւ նրա որդու սպանության մեջ երկու կասկածյալի, տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Կիեւի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը։

Համաձայն տեղեկատվության՝ այժմ նրանց հետ աշխատում են օպերատիվայիններն ու քննիչները։ Իրականացվում են անհապաղ քննչական գործողություններ։ Նշվում է, որ կալանավորման բոլոր մանրամասները իրավապահները կհաղորդեն ավելի ուշ։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, թե արդեն պարզ է, որ հանցագործությունը պատվիրված է եղել և կապ ունի պատվիրատուի ու պատգամավորի միջև հարաբերությունների հետ:

ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ երիտասարդները մոտ 20 տարեկան են։ Նրանք կռվել են «Աջ սեկտորում», «կոմբատ Չերվենի» մոտ։

Հիշեցնենք, որ Կիեւի կենտրոնում դեկտեմբերի 1-ի երեկոյան Range Rover մեքենայի գնդակոծության հետեւանքով զոհվել է երեք տարեկան երեխա։ Իրավապահների տվյալներով՝ հարձակվողը մի կրակոց է արձակել։

Հետագայում հայտնի է դարձել, որ գնդակոծված մեքենայի ղեկին եղել է Կիեւի մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւը՝ «Համերաշխություն» պատգամավորական խմբակցությունից։ Նա Բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի անդամ է։