2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը։ 7-րդ գումարման ԱԺ-ն ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդն է։ Չնայած տարիքին՝ երիտասարդ խորհրդարանականները «իրենց չեն կորցրել», և գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել են իրենց պարգևատրել շուրջ երկու միլիոն դոլարի չափով: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ է արել այս խորհրդարանը, որ չէր անում նախորդը, ինչն է առիթ հանդիսացել սեփական աշխատանքը այսքան բարձր գնահատելու համար, այն էլ՝ հարկատուների գրպանների հաշվին:
 
Ովքե՞ր են 7-րդ գումարման ԱԺ-ի «ամենաամենաները»: Ամենաշատ կողմ քվեարկածները «Բարգավաճ Հայաստան»-ից են՝ Հայրապետյան Ջանիբեկ՝ 301 անգամ, Կարինե Պողոսյան՝ 299 անգամ, Արայիկ Աղաբաբյան՝ 295 անգամ: Ամենաշատ դեմ քվեարկածները, որքան էլ, որ զարմանալի է՝ «Իմ քայլ»-ից են՝ Հայկ Գևորգյանը՝ 42 անգամ, Կարեն Սարուխանյանը՝ 42 անգամ, Սարգիս Խանդյանը՝ 41 անգամ: Ամենաշատը ձեռնպահ քվեարկել են «Իմ քայլ»-ից՝ Երջանիկ Հակոբյանը՝ 21 անգամ, Թագուհի Թովմասյանը՝ 20 անգամ, Հերիքնազ Տիգրանյանը՝ 20 անգամ: Ամենաշատը բացակայել են Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլ»-ից՝ 168 անգամ, Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ից՝ 156 անգամ, Լենա Նազարյանը՝ «Իմ քայլ»-ից՝ 155 անգամ: Ամենաշատը ելույթներ են ունեցել ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը՝ 107 անգամ, Սերգեյ Բագրատյանը՝ 69 անգամ և «Իմ քայլ»-ից Արտակ Մանուկյանը՝ 58 անգամ: Քվեարկությունների ընդանուր թիվը կազմել է 275, ընդունվել է 199 օրենք, 20 համաձայնագիր, 23 այլ փաստաթուղթ և 33 ընթացակարգային քվեարկություն է տեղի ունեցել:
 
6-րդ գումարման ԱԺ-ն երրորդ նստաշրջանում հասցրել էր ընդունել 314 օրենք, ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա կյանք ունեցած խորհրդարանը ընդունել է 624 օրենք և 57 միջազգային պայմանագիր:
 
7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները հիմնականում աչքի են ընկել բացակայություններով, պասիվությամբ, օրենսդրական նախագծեր օրակարգ բերելու անկարողությամբ և ճոխ գործուղումներով: Ինչպես տեսնում ենք, այս խորհրդարանից ընդամենը կես տարով ավելի երկար կյանք ունեցած 6-րդ գումարման խորհրդարանը ամենաառաջնային գործոնների համեմատության մեջ ավելի արդյունավետ էր, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն ժամանակ երկու միլիոն դոլարի հասնող պարգևատրումներ չէին լինում…