Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին' երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Օրերս հերթական դեպքն է գրանցվել:

«10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը նշել է․ «Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, հողի մեջ են դնում, հետո նոր կիրառում են»։