ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալված են և ունեն կասկածյալի կարգավիճակ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ՝ մենք տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Լոռեցյանին ձերբակալելու որոշում է կայացրել։

Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալու առանձնապես խոշոր չափի կաշառք:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: