ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն էր տրվել գործադիրի մշակած նախագծին, որը ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Սա վերաբերում է այն դեպքերին, երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, և դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում՝ կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման՝ զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապ: Նոր կարգավորմամբ՝ մեր բժշկասոցիալական հանձնաժողովը կարող է նշանակել հաշմանդամության կարգ՝ անգամ ծառայությունից ազատվելուց հինգ տարի: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, և պատճառական կապ է առաջացրել։ Եվ քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ ենք կարող նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշել է Գասպարյանը: