Ապրիլի 8-ին նախատեսվող «մեկ միլիոնանոց բողոքի երթ»-ը դեպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր հետաձգվում է: Երթը տեղի կունենա մայիսի 1-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բողոքի երթի նախաձեռնող, ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ ներկայացնելով երթի կազմակերպչական մի շարք հարցեր:

Նա տեղեկացրեց, որ ի սկզբանե Ազատության հրապարակի շարժման համակիրները սկսեցին կասկածանքով և հակակրանքով վերաբերվել այս քաղաքացիական նախաձեռնությանը, թեև մենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ զրուցել ենք, բացատրել, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է, որը չի խանգարելու Հանրապետության հրապարակում ապրիլի 9-ին տեղի ունենալիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

Ըստ Ա. Զաքարյանի՝ չկարողացան ի վերջո շարժման հետ գալ ընդհանուր հայտարարի, որ երթն անկախ է և չի խոչընդոտելու շարժման գործողություններին:

«Ասում են, որ այս երթը կարող է ժողովրդի մեջ պառակտում մտցնել: Ի վերջո՝ խոսեցինք նաև Րաֆֆիի հետ, եկանք այն եզրակացության, որ մենք չենք խանգարելու ապրիլի 9-ի միջոցառմանը, բայց իրենք ասում են, որ մենք կարող ենք ստվեր գցել ինչ-որ կերպ, ուստի որոշեցինք մեր երթը հետաձգել: Իմ կարծիքով՝ սա ճիշտ որոշում էր՝ մինչև մայիսի մեկը հետաձգել միլիոնանոց երթը: Ինչո՞ւ մայիսի 1-ին. որովհետև մայիսի 1-ն Աշխատավորների պաշտպանության օրն է, իսկ Հայաստանում աշխատավորների խավն է դժգոհում իր ապրելակերպից:

Մայիսի 1-ին շատ բան պարզ կլինի, բոլոր ուժերն ունեն ժամանակ՝ ժողովրդին ապացուցելու, թե՝ կարո՞ղ են արմատական բարեփոխումներ անել, թե՞ ոչ»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ շատերն ասում են, թե ամեն դեպքում ապրիլի 8-ին երթի են մասնակցելու, ուստի ինքը ևս կմասնակցի, բայց երթը որոշվել է անցկացնել մայիսի 1-ին:

Համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ որոշել է միանալ այս նախաձեռնությանը: Նրա գնահատմամբ՝ սա այն գործնական առաջարկն է, որը բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս միավորվել, որպեսզի իսկապես մարդաշատ երթ կազմակերպվի և հնարավորինս ցույց տրվի, որ մեր հանրությունը չի հանդուրժում անօրինականությունը և պատրաստ է իր քաղաքացիական անհնազանդությունը ցուցաբերել:

«Գտնում եմ, որ անհրաժեշտ է մինչև երթը՝ ապրիլի 12-ին, ժողով գումարել: Այն կլինի բոլոր ուժերի համար, որոնք շահագրգռված են երկրում հաղթահարելու անօրինական և կոռուպցիոն համակարգը»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը: